Աշունն իր ոսկե վարսերը փետել,
Լալիս է անզոր՝ Զինվորի վրա,
Թշնամու արկն է նրան ձոր նետել,
Արնածորում են վերքերը նրա...
Բացվել է վերքը. օգնություն չկա,
Շուրջը լռություն, մահվան շշուկ է,
«Մայրիկ» են կանչում շուրթերը նրա,
Հայացքի դիմաց՝ կապույտ երկինք է...
Հիսո՜ւս , Իմ Հիսո՜ւս, մի՜ թողիր անտեր,
Հոգեվարքում է մի ջահել գարուն...
Շուրջը դատարկ է՝ համր ու անեզերք,
Մի լացող աշուն վայում է անքուն...
Այդ ու՜ր եք թևում, կռունկնե՜ր՝ անձայն,
Խոցվել, ընկել եմ ես իմ երամից ,
Թևերս հատվել՝ ձորի մեջ ունայն
Արնածորում եմ՝ դարձե՜ք սրտակից...
Տարե~ք թևերին, տարե՜ք Հայրենիք,
Մարում է կյանքս կաթիլ առ կաթիլ,
Իմ մայրն է սպասում՝ ձեռքը իր սրտին
Եվ աղոթում է՝ կարկառած Վերին...
Աշունը փետում վարսերը դեղձան,
Լալիս է անզոր՝ Զինվորի վրա...
Կռունկներն առան, թևերին տարան՝
Ձորում թողնելով մրմունջը նրա...
Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ
21.09.2024